«Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Ջավախքում տեղի է ունենալու ջահերով երթ, մոմավառություն:
«Ջավախահայությունը ևս դատապարտում է տեղի ունեցածը: Այնտեղ գործող ՀԿ-ների խորհուրդը գրավոր դիմել է Վրաստանի խորհրդարանին, որպեսզի այն ևս Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի»,-տեղեկացրեց բանախոսը՝ շարունակելով, թե առաջին անգամը չէ, որ հայերը դիմում են Վրաստանի խորհրդարանին, սակայն նախորդ անգամները ցանկալի ավարտ չեն ունեցել:
«Կարծում եմ, որ գործընթացները դրական տեղաշարժ կունենան, և ճիշտ կլինի, որ Թուրքիա պետությունն ինքն ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը ու նաև հատուցում տա»,-ասաց Տաճատ Վարդապետյանը՝ ընդգծելով, սակայն, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա Թուրքիա պետության կողմից:
«Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ տարիները թուրքերին չեն փոխել: Մենք արդար պահանջատեր ենք, իսկ նրանք անարդար պաշտպանվողներ»,-նշեց «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահը: