2015թ.-ի ձեռքբերումներն են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն են, ԵՏՄ-ին անդամակցությունը, Սահմանադրական փոփոխությունները, տարբեր կուսակցությունների հետ համագործակցությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի էր, որը նշանավորվեց Համահայկական հռչակագրով, ապա Երեւանում կայացած Ապրիլի 24-ի միջոցառումն էր. մենք կարողացանք ճիշտ ներկայանալ, ներկայացնել առաջադեմ հասարակությանը, որը 100-րդ տարելիցով չենք ավարտում եւ շարունակում ենք մեր պայքարը: Կարեւոր է նաեւ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, ԵՄ-ի հետ բանակցությունները: Ձեռքբերումներից է նաեւ Սահմանադրական փոփոխությունները, մենք այլեւս ապրում ենք բարեփոխված Սահմանադրությամբ: Շատ կարեւոր է նաեւ տարբեր կուսակցությունների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ մամուլի ազատությունն ու բազմակարծության ապահովումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ տարվա հիմնական կորուստը սահմանային իրավիճակն է, մեր զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանքերն են:
«Պետք է գիտակցել, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունն ամենակարեւորն է: Ունենք հարեւաններ, որոնք փորձում են սրել իրավիճակը եւ մենք այլ ճանապարհ չունենք, քան պաշտպանել մեր անվտանգությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: