Թուրքիայում գրանցված վեբ-կայքերի վրա անցած շաբաթվա կիբերհարձակումը եղել է պատմության մեջ ամենազանգվածայիններից մեկը, հայտարարել է Թուրքիայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ռեկտոր Ահմեդ Աջարը, որը ղեկավարում է tr-ով դոմենները: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Համացանցային ակտիվիստների հարձակմանն են ենթարկվել Թուրքիայի ավելի քան 40 հազար վեբ-կայքեր: Anonymous խմբի ցանցահենները հայտարարել են թուրքական կառավարության դեմ մեծամասշտաբ կիբերպատերազմի արշավ սկսելու մասին` նրանց մեղադրելով ԴԱԻՇ-ին աջակցելու մեջ: Anonymous-ի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ «եթե Թուրքիան չդադարի ԴԱԻՇ-ին աջակցել», իրենք կշարունակեն հարձակումները թուրքական համացանցի, սերվերների, բանկերի, կառավարական կայքերի, իսկ դրանից հետո նաև օդանավակայանների ու Թուրքիայի ռազմական օբյեկտների վրա:
«Այս կոլեկտիվ հարձակումը ներկա պահին մոլորակի ամենաինտենսիվ կիբերհարձակումն է»,- հայտարարել է Աջարը Hurriyet-ին տված հարցազրույցում:
Ցանցահենների Anonymous խումբը ստեղծվել է 2003 թվականին: Այն հանրահայտ է դարձել 2010 թվականին, երբ նրա մասնակիցները կազմակերպել են հարձակումների շարք այն ընկերությունների և կազմակերպությունների կայքերի վրա, որոնք հակազդել են WikiLeaks կայքի գործունեությանը (PayPal, Visa, MasterСard և այլն):