Հասարակություն 

Ամերիկայի հայկական ասամբլեա. Էրդողանի ուղերձն այդպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչում չդարձավ

Թեեւ Էրդողանի ուղերձն իր բնույթով առաջինն էր, այն այդպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչում չդարձավ եւ միաժամանակ պաշտոնական Անկարայի դիրքորոշման մեջ ուժեղացնում է ժխտման աստիճանը, ասված է Ամերիկայի հայկական ասամբլեայի հայտարարությունում:


«Ցեղասպանության զոհերը չեն կարող ննջել խաղաղությամբ, քանի դեռ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- հայտարարել է ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը խոչընդոտելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն թուրքական կառավարությունը պետք է վերացնի Ցեղասպանության եւ 99 տարվա ժխտման հետեւանքները:


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

Նույն շարքից