«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը:
Ցանկանում եմ, որ գալիք տարում մեր երկրում չլինեն մարդիկ՝ այն էլ 48733 ընտանիք, ովքեր 12 000 ՀՀ դրամ գումար չունենան, որպեսզի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր գնեն ու դա նրանց պետությունը տա: Քանի որ 12 000 ՀՀ դրամը հավասար է ամսեկան 1000 ՀՀ դրամի, իսկ օրեկան՝ 33 ՀՀ դրամի: Նշեմ, որ աշխարհում ծայրահեղ աղքատ են համարվում այն մարդիկ, ովքեր օրեկան 1 դոլարից քիչ եկամուտ ունեն:
Ցանկանում եմ՝ խաղաղություն, չնայած որ դա ռոմանտիկայի ժանրից է , ուստի ավելի ռեալ է ցանկանալ մեր զինվորներին ուժ, մեր բանակին անսպառ հզորություն, իսկ բնակչությանն էլ իրականությունն ընդունելու ու ադեկվատ արձագանքելու կարողություն:
Ցանկանում եմ, որպեսզի գալիք տարում կարիք չլինի օրնիբուն բարեգործությամբ զբաղվել ու գովազդել դա բոլոր հնարավոր ձևերով՝ թող մեր երկրում մեծամասնությունն ապահոված լինի աշխատանքով և ոչ մեկի բարեգործության կարիքը չունենա:
Ցանկանում եմ, որ ողբը պակասի մեր ազգից՝ հավաքվեն մեզ սպանելու, բռնաբարելու ու ջարդերի մասին հիշեցնող պաստառներն ու անմոռուկները՝ դրանց փոխարինեն ոգեշնչող, մոտիվացնող և լուսավոր ներկայի ու ապագայի մասին պաստառները:
Ցանկանում եմ՝ չլինեն պաշտոնյաների արդարացումներ այն մասին, թե ինչու նրանց չհաջողվեց անել այն, ինչ խոստացվել էր, այլ լինեն հպարտ հայտարարություններ այն մասին, որ արվեց անհնարինը՝ պաշտոնը հենց դրա համար է, հնարավորն անելը բոլորն էլ կարող են:
Ցանկանում եմ, որ վերջապես ձևավորվի ադեկվատ ընդդիմություն, որը ոչ թե կգնա ցույցի, քանի որ դա իր աշխատանքն է, այլ նախ կհասկանա, թե ինչի համար է ցույց անում՝ չնայած որ համարում եմ, որ ցույցերը որպես լուրջ պայքարի ձև վաղուց սպառել են իրենց:
Եվ վերջապես ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակությունը դեն նետի հեռուստացույցերը և սկսի ավելի շատ կարդալ ու զարգանալ, քանի որ մեր երկրի զարգացման միակ ձևը գիտելիքահենք տնտեսություն ունենալն է՝ այս տարի հասկացանք, որ առատ բերքն էլ հարցի լուծում չի՝ ապրանքն իրացնելու համար էլ է լուրջ գիտելիքներ պետք:
Բոլորիս մաղթում եմ առողջություն, աշխատասիրություն, Աստծո օրհնություն և կամքի ուժ: