Հասարակություն 

Հայոց ցեղասպանությունը, որն Օբաման հրաժարվում է ճանաչել. Business Insider

analitik.am

Իր կառավարման 6 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մի բան, որը նա խոստացել էր անել սենատոր և հետագայում նախագահի թեկնածու եղած ժամանակ, գրում է Business Insider-ի հոդվածագիր Քրիստինա Սթերբենցը։

 

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, Օբաման իր ամենամյա հայտարարությունում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից։

 

Հոդվածագիրը գրում է, որ նախագահը, հավանաբար, խուսափում է այդ բառից՝ Թուրքիային չվիրավորելու համար։

«Օբաման սենատոր եղած ժամանակ և իր նախագահական ընտրարշավի ընթացքում միանշանակ հայտարարել էր Ցեղասպանությունն ընդունելու մասին։ Սակայն նա խուսափում է օգտագործել այդ բառը հայտնի պատճառներով՝ ճնշում Թուրքիայի կողմից, որին ԱՄՆ-ն համարում է իր դաշնակիցը»,- Business Insider-ի հետ զրույցում ասում է ԱՄՆ-ի Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը։

 

«Ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ, և այն չի փոխվել»,- ասել է Օբաման։ Որպես սենատոր՝ նա այդ դեպքերը բազմիցս որակել է որպես «ցեղասպանություն»։ Սակայն նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ բառն անհետացել է նրա հայտարարություններից, գրում է նա։

 

Թուրքիայի կառավարությունը ոչ միայն հրաժարվում է ընդունել այդ իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն, այլև անտեսում է պատմական շատ փաստեր։ Ապրիլի 23-ին տարածած հաղորդագրությունում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործեց «ոչ մարդասիրական» և «ցավակցել» բառերը։ Սակայն նա, ինչպես և Օբաման, չօգտագործեց «ցեղասպանություն» բառը։

 

Ամբողջ աշխարհում հայկական համայնքները Ցեղասպանությունից փրկվածներն են հիմնել։ Սակայն շատ կարևոր է շարունակել իրազեկել միջազգային հանրությանն այն մասին, որ այդ չարագործություններն իսկապես ցեղասպանություն են եղել, գրում է հոդվածագիրը։

Նույն շարքից