Հասարակություն 

Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը Ազնավուրի հետ հարցազրույց է ներկայացրել Հայոց Ցեղասպանության թեմայով

analitik.am

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի ոգոկոչման պատարագ: Մոմավառության և ծաղկեպսակների զետեղման արարողություն է տեղի ունեցել եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքար-հուշակոթողի և Շվեյցարիայում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ Ժան Կլոդ Վուդրոյի հուշաքարի մոտ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ելույթով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդ Գուսան Վարդապետ Ալճանյանը և Շվեյցարիայի Հայկական Միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը փոխանցել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ Ցեղասպանությունից 99 տարի անց անգամ չկա արդարադատություն, ճանաչում և իրավունքների վերականգնում: Արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, որ պետք է պատժվի, և միայն ճանաչման ու զոհերի իրավունքների վերականգնման մեջ են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:

 

Նույն օրը Ժնևի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվել է հիշատակի երեկո, որին խորհրդանշանական էր Շվեյցարիայի հայկական համայնքի երիտասարդների մասնակցությունը` Ցեղասպանության զոհերի արդեն 5-րդ սերնդի ելույթներով և հայ գրականության ստեղծագործական կատարումներով:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է Շվեդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա տատիկի պատմությունը, ում դեմքի և ձեռքերի սպիներն ու դաջվածքները հիշեցնում էին նրան Ցեղասպանության վայրագությունների մասին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցել են հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը (RTS) և ռադիոն անդրադարձան Հայոց Ցեղասպանության թեմային` ներկայացնելով ինչպես 1915թ. իրադարձությունները, այնպես էլ դեսպան Ազնավուրի և համայնքային կառույցների ղեկավարների և հայ երիտասարդության հետ հարցազրույցները:

 

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսվում նաև Բեռնում, Լոզանում, Ցյուրիխում, Աարաույում և այլ քաղաքներում:

Նույն շարքից