Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր շնորհավորել է ողջ աշխարհի կաթոլիկներին Հիսուսի ծննդյան տոնի առիթով՝ դիմելով ավանդական սուրբծննդյան Urbi et Orbi (Քաղաքին և աշխարհին) ուղերձով, որում հիշել է Եգիպտոսի երկնքում և Փարիզում իրականացված վերջին ահաբեկչական հարձակումների զոհերին, ինչպես նաև Ուկրաինայի հարցով ձեռք բերված համաձայնագրերի իրագործման կոչ արել։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Հովվապետը հայտնվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և դիմել հազարավոր հավատացյալներին, ովքեր լցրել էին վիթխարի հրապարակը, և ասել. «Թանկագին եղբայրներ ու քույրեր, շնորհավոր Սուրբ ծնունդ։ Քրիստոսը ծնվեց մեզ համար»։
Ֆրանցիսկոսը Սուրբ ծնունդն անվանել է «մեծ ուրախություն» ողջ ժողովրդի համար։ Հովվապետը հիշեցրել է, որ այնտեղ, որտեղ ծնվել է Փրկիչը, ծնվել են հույսն ու խաղաղությունը, իսկ այնտեղ, որտեղ ծնվել է խաղաղությունը, տեղ չկա ատելության ու պատերազմի համար, «սակայն հենց այնտեղ, որտեղ լույս աշխարհ է եկել Աստծո որդին, պահպանվում են լարվածությունն ու բռնությունը»։
Այդ առնչությամբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են վերսկսել ուղիղ երկխոսությունն ու համաձայնության գալ, որը թույլ կտա երկու ժողովուրդներին կողք կողքի ապրել ներդաշնակ՝ հաղթահարելով հակամարտությունը, որն անդրադառնում է ողջ տարածաշրջանի վրա։
«Աստծուն խնդրում ենք, որպեսզի ՄԱԿ-ում ձեռք բերված համաձայնագիրը հնարավորինս շուտ օգնի լռեցնել Սիրիայում զենքի աղմուկը և կարողանա շտկել ծանրագույն մարդասիրական իրավիճակը»,- ասել է նա։
Պապն աղոթել է ահաբեկչության հրեշային ակտերի զոհերի համար։
Ֆրանցիսկոս պապն արտահայտվել է հօգուտ այն բանի, որ միջազգային հանրությունն իր ուժերը ուղղի դաժանության վերացմանն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Եմենը և Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած հատվածը։
Ավարտին Ֆրանցիսկոս պապն աղոթել է փախստականների համար և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր աջակցում են ներգաղթյալների ու փախստականների տեղակայմանը՝ օգնելով նրանց կառուցել արժանապատիվ ապագա իրենց և իրենց մտերիմների համար։