Հասարակություն 

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Հունաստանում, Կիպրոսում և Սերբիայում

Ապրիլի 24-ին Աթենքի նահանգապետարանի և Նեա Զմիրնիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի և ՌԱԿ Հունաստանի հայ իրավանց խորհրդի համակազմակերպմամբ Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի Էսթիա հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Ինչպես հայտնում են Հհ արտգործնախարարությունից՝ միջոցառումն ընթացել է Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ` Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը հոգեհանգստյան արարողություն են մատուցել Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

 

Ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Ատտիկայի մարզպետի տեղակալ Աթանասիոս Սպոնդիլիդիսը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնախմբի ատենապետ Դավիթ Պետրոսյանը: Արարողության ավարտին տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղում ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, հունահայ համայնքային կառույցների, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիրնիի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից: Մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Ավելի վաղ Աթենքի հայկական բոլոր եկեղեցիներում անց էին կացվել հոգեհանգստյան արարողություններ:

Սալոնիկի Սբ. Աստվածածին եկեղեցում Գերաշնորհ Տ. Ստեփանոս վարդապետ Փաշայանի գլխավորությամբ մատուցվել է հոգեհանգստյան արարողություն` Սալոնիկի մարզպետարանի, թաղային խորհրդի և ՀՅԴ Հունաստանի հայ դատի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, Հայ գթության խաչի «Անի» մասնաճյուղի կողմից կազմակերպվել է արյունատվություն:
Ալեքսանդրուպոլիսում ապրիլի 24-ին կայացել է հոգեհագստյան արարողություն Սբ. Կարապետ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի առջև:

Ապրիլի 27-ին նախատեսված են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված կենտրոնական քաղաքական ձեռնարկներ Հունաստանի Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս քաղաքներում:

Ապրիլի 10-ին Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում` խորհրդարանի բոլոր անդամների ներկայությամբ: Ելույթից առաջ կիպրական խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը:

Կիպրոսի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման հանձնախմբի կազմակերպությամբ` ապրիլյան միջոցառումների մեկնարկը տրվել է ապրիլի 23-ին՝ երիտասարդական քայլարշավով` Նիկոսիա քաղաքի Մակարիոս պողոտայից ուղղվելով դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, որտեղ երթին միացել են համայնքի մնացյալ անդամները` առաջանալով դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի: Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն` Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելյանի գլխավորությամբ: Հսկման միջոցառմանը ելույթ են ունեցել Վարուժան Սրբազանը և Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, DISY (Ժողովրդավարական ռալլի) կուսակցության անդամ դոկտոր Էլենի Թեոխարուսը (Eleni Theocharous):

Ելույթներին հետևել է Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի համերգը, այնուհետ՝ ծաղկեպսակների զետեղում կուսակցապետերի, քաղաքապետերի, պատգամավորների, դեսպանների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ապրիլի 24-ի առավոտյան Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին ներկա էր Կիպրոսի Խորհրդարանի նախագահ և EDEK (Սոցիալական ժողովրդավարության շարժում) կուսակցության նախագահ Յաննակիս Օմիրուն:

Ապրիլի 26-ին Նիկոսիայի Նարեկ վարժարանում տեղի կունենա արյունատվություն` եզրափակելով ապրիլյան ոգեկոչման միջոցառումների շարքը:

Սերբիայի hայ hամայնքը այս տարի ևս իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Բելգրադի հայությունը հավաքվել է Սուրբ Գաբրիել Հրեշտակապետի եկեղեցում, որտեղ պատարագ է մատուցվեց` ի խաղաղություն Մեծ Եղեռնի զոհերի հոգիների։

Նույն շարքից