ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Մաքսիմ Կավջարաձեն առաջարկում է ներռուսաստանյան հաղորդակցության ցանց ստեղծել, որի մուտքը փակ կլինի ԵՄ-ի և ԱՄՆ-ի երկրների համար: Այդ համակարգը, նրա խոսքով, կարելի է անվանել «Չեբուրաշկա», իսկ ֆինանսավորել այն կարելի է շրջանների հաշվին, գրում է ria.ru-ն:
Ռուսաստանում արևմտյան երկրներից անկախ ենթակառուցվածք ստեղծելու տարբեր նախագծեր են սկսել ակտիվ հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները ցույց են տվել ռուսական տնտեսության մի շարք ոլորտների կախվածությունը։
«Մենք պետք է մտածենք մեր սեփական ներքին տեղեկատվական համակարգը ստեղծելու ուղղությամբ՝ ԱՄՆ-ի թևի տակից դուրս գալու համար, այլապես կշարունակվեն տեղեկատվության արտահոսքերը»,- հայտարարել է նա՝ բլոգերների կարգավիճակի մասին օրենքի քննարկման ժամանակ:
Կավջարաձեի կարծիքով՝ Ռուսաստանն այդ ցանցը կարող է ստեղծել ՀԱՊԿ-ի երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանի պետությունների հետ: «Մեր վարչապետը և՛ Facebook-ում է, և՛ Twitter-ում, և ընդհանրապես այժմ բոլորը սկսել են սոցիալական կայքերում լինել և պատմել՝ որտեղ են եղել և ուր են գնում: Բայց մեկն այդ տեղեկատվությունը հավաքում է»,- ասել է սենատորը։
Կավջարաձեի խոսքով՝ նման ցանցի ստեղծումը մի ամբողջ երկրի տեղեկատվական անվտանգության հարց է, որը ենթարկվում է տեղեկատվական հարձակումների, կիբերհարձակումների: