Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով չի համագործակցի Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի ու Իրաքի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիան գլխավորում է Բաշար Ասադը։
Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը սեպտեմբերի վերջին Բաղդադում հիմնել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համակարգման տեղեկատվական կենտրոն, որի հիմնական գործառույթներն են մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տվյալներ հավաքելը, մշակելը, փոխանակելն ու վերլուծելը։
Էրդողանը հայտարարել է. «Սիրիան, Իրանը, Իրաքն ու Ռուսաստանը Բաղդադում ձևավորել են դաշնակցային քառյակ և Թուրքիային խնդրել են միանալ դրան, սակայն ես Վլադիմիր Պուտինին ասացի, որ չեմ կարող նստել նախագահ Ասադի կողքին, որի լեգիտիմությունը կասկած է հարուցում»։
Խոսելով Իրաքում թուրք զինվորների գտնվելու մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ նրանք այնտեղ են գտնվում իրաքցիների ուսուցման համար և այնտեղ են եկել իրաքյան իշխանությունների խնդրանքով։ Էրդողանը մանրամասնել է, որ Իրաքից այդպիսի խնդրանք ստացվել է այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ը մուտք է գործել Իրաք։