Հասարակություն 

ՀՀ զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը

Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի և ՀՀ ՊՆ շուրջ 10 զորամասերում անցկացվում է  «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» եռամսյա ծրագիրը:


Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն`  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի         վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:


Ապրիլի 10-ից մեկնարկած եռամսյա ծրագրի առաջին փուլում անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ 500 զինվորների շրջանում` պարզելու` նրանցից քանիսն են ծխում, երբ են սկսել օգտագործել ծխախոտ`  նախքան ծառայությո՞ւնը, թե՞ ծառայության ժամանակ և ի՞նչ պատճառներ են ընկած նրանց ծխելու հիմքում:


Ծրագրի 2-րդ փուլում 10 զորամասերում կանցկացվեն տեղեկատվական դասընթացներ բժիշկների, հոգեբանների և հոգևոր սպասավորների կողմից:  Դասընթացներից հետո կցուցադրվի հակածխախոտային բովանդակությամբ ֆիլմ և մասնակիցներին կբաժանվեն տեղեկատվական բուկլետներ, զորամասերում կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ:


Ծրագիրը կամփոփվի մայիսի 31-ին` Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը,  ՀՀ ՊՆ վարչական համալիրում:


Խոսելով ծրագրի կարևորության և նպատակի մասին` «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը փաստեց, որ ծխելու վերաբերյալ ուսումնասիրություն զինծառայողների շրջանում առաջին անգամ է կատարվում ու նշեց. «Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայողների կողմից ծխախոտի օգտագործման աստիճանն ու պատճառները, բարձրացնել զինվորների իրազեկվածությունը ծխախոտի օգտագործման հետևանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ թե պետք է սկսել արդեն կանոնավոր ծխողի հետ, այլ կանխարգելել այն շրջանում, երբ սկսում են տուրք տալ ծխելուն»:


Նշենք, որ արդեն տեղեկատվական դասընթաց-քննարկումներ են անցկացվել Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսում և Արարատի` Վ. Սարգսյանի անվան զորամասում:

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից