«Փարավոն» ռեստորանային համալիրում մեկնարկել է 2015թ. Հայաստանի տասը լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը, որին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկներ: Նախքան պարգեւատրումը՝ ներկաներին տեսանյութով ամփոփվեց 2015 թվականի մարզաշխարհի նվաճումները: Լավագույն մարզիկներին կպարգեւատրեն Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այս տարի բոլոր տասը մարզիկները ՀԱՕԿ նախագահի կողմից նվեր կստանան Hundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ: Երկրորդ տեղում է հայտնվել Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյան, իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում հրաշալի խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում եւ արժանանում եվրոպական մամուլի բարձր գնահատականին, տեղ չի գտել նույնիսկ լավագույն տասնյակում:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ալեքսանյանը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339 միավոր
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267
3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265
4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231
5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113
6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107
7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106
8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ - 101
9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ - 99
10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):