Վաղը՝ կառավարության արտահերթ նիստին Կառավարության հավանությանը կներկայացվի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծ:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ` մասնավորապես Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը:
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով մինչև 50 տարվա վաղեմության կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի (գորգ, գոբելեն, կարպետ, ասեղնագործություն և այլն) և 75 տարվա վաղեմության համարանիշային (սերիական) կամ զանգվածային արտադրության (տարբեր սարքեր և սարքավորումներ, շքանշաններ, մեդալներ, կրծքանշաններ, հրատարակություններ և այլն) մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները թույլատրվում է արտահանել ազատ` առանց լիազոր մարմնի թույլտվության:
Օրենքի փոփոխության դեպքում առանց լիազոր մարմնի թույլտվության արտահանման ենթակա են դառնում այն մշակութային արժեքները և մշակութային նշանակության առարկաները, որոնց վրա չի տարածվում նշված ցանկի սահմանափակումները: