Հասարակություն 

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

 

Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենաշե՛ն քաղաքացիներ,

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ ու իմ ընտանիքի անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով Ձեր սրբալույս օջախներին անմար կրակ ու ջերմություն,  Ձեր սպասելիքներին՝ արարչական օրհնանք ու շնորհ, անսասան ու միասնական քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն՝ Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:

      Առանձնահատուկ շնորհավորում եմ Աստվածային բարձրավանդակի՝ հայոց Հայրենիքի, սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող, հայոց հաղթարի զինվորականներին և նրանց ընտանիքներին՝ մաղթելով այնչափ հայրենասիրություն, որ երբևէ չափավորելու կարիքը լինի:

       Մենք՝ հայրենատիրության ճանապարհով անցնող հայ ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է՝ Հայրենիք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի կրծքում:

       Արժանի լինենք աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների ընթացքում Հայի անկոտրում սեփական ուժին և հայոց ազգային բանակի հաղթաբեր զինվորականների  անպարտելիության ոգու հարստությանն ու Հայրենիքն ափի մեջ պահելու նրանց կերտած բազում հաղթանակներին:

       Արժանի՛ լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:

       Մենք հավատում ենք մեր Հայրենիքի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց հաղթանակած բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:

       Մենք վստահում ենք  քեզ՝ հաղթապանծ ժողովուրդ հայոց. որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը՝ հայոց Հայրենիքի անպարտելի ուժը:

       Միշտ պետք է գիտակցել, որ միայն մեր ընտանիքների կուռ միասնությունն ու համերաշխությունն են բոլոր ձեռքբերումների հիմքն ու երաշխիքը:

        Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան, իսկ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:

       Միշտ պետք է գիտակցել, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:

       «Հայոց Արծիվները» միշտ Ձեզ հետ են և մեր նվիրական Հայրենիքի զարկերակի թրթիռին՝  համահունչ:

       Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ազգաշե՛ն հայրենակիցներ:

Հարգանքով՝             

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից