Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի դրամարկղից գողություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2015 թվականի նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի վրա գործող հագուստի խանութներից մեկի դրամարկղից գողություն է կատարվել։ Նախնական տվյալներով՝առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևանի հագուստի խանութներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել սրահ և դրամարկղից հափշտակել զգալի չափի գումար:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է խանութի սրահում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է հանցագործության դրվագը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: