Հասարակություն 

Եվրոպայում ավելի շատ հեծանիվ է վաճառվում, քան ավտոմեքենա

Վիճակագրությունը փաստում է, որ ԵՄ 28 երկրներից 26-ում 2012 թվականին վաճառվել է ավելի շատ հեծանիվ, քան ավտոմեքենա: Փորձագետները կարծում են, որ դա Եվրոպայում տնտեսական ճգնաժամի ուղիղ հետևանքն է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հեծանիվները ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում ոչ միայն այն երկրներում, որտեղ ուժեղ են հեծանվասպորտային ավանդույթները, ինչպիսիք են Հոլանդիան և Դանիան:

2012-ին Իտալիայում վաճառվել են 1.6 մլն հեծանիվ և 1.4 մլն մեքենա: Միլանում վաղուց արդեն հնարավոր է վարձակալել հեծանիվ՝ ինչպես Փարիզում և Լոնդոնում: Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2011-ին Իտալիայում մեքենաների վաճառքն ընկել է՝ հասնելով 1964 թվականի մակարդակին:

Անցած տարի մեքենաների վաճառքը հեծանիվներին գերազանցել է միայն Բելգիայում և Լյուքսեմբուրգում:

Լոնդոնի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարում հեծանվային ուղևորությունների թիվն ավելացել է 66 տոկոսով՝ հասնելով օրական 500 հազարի: 2013-ի նոյեմբերին Լոնդոնում ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով 6 հեծանվորդներ են զոհվել, ինչը կրկին ուշադրություն է հրավիրում ճանապարհներին հեծանվորդների անվտանգությանն առնչվող հարցին:

Նույն շարքից