Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական եւ համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ:
Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսեւորումների վկան դարձանք: Համատեղ ջանքերով եւ արժանապատիվ կեցվածքով մենք մեր ուղերձը հղեցինք աշխարհին: Համոզված եմ, որ գալիք տարում եւս հայկական բոլոր կառույցները, անհատները եւ ողջ սփյուռքը շարունակելու են աշխատել ուս ուսի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության բոլոր հատվածների:
Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: Ցավոք, 2015 թվականը ոչ միայն չբերեցլիցքաթափում եւ առկա պատերազմների սառեցում, այլեւ որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացանպատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին անմեղ քաղաքացիների կյանքեր խլողանմարդկային ահաբեկչական գործողությունները: Ահա այս համապատկերում եւ այս համատեքստումՀայաստանն ապրեց եւս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահովերկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ, դպրոցներ,հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու երազանքը:
Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց եւս մեկ կարեւոր պետական-քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջեւ: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ եւ ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար:
Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, եւ դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ եւ մարտունակությամբ բարձր է, ինչպես երբեւէ:
Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն: Մաղթենք խաղաղություն մեր երկրին եւ ողջ աշխարհին:
Շուտով կմտնենք 2016 թվական: Նոր տարում մենք պատրաստվում ենք նշել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է մեր երկիրն ունեցել 25-ամյա անկախություն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թե ինչ է անկախ պետություն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թե՛ հոգեբանորեն, թե՛ քաղաքականապես:
Սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի եւ կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու եւ ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում եւ կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռեւս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր եւ ամուր հանգրվան է այդ ճանապարհին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ երջանկություն եւ ամենայն բարիք նոր՝ 2016 թվականին:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: