Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Պատերազմ բայց խաղաղություն

analitik.am

Ձեզ ենք ներկայացնում Հովհաննես Գրիգորյանի «Պատերազմ բայց խաղաղություն» բանաստեղծությունը, որը հանճարեղ բանաստեղծի Գիշերահավասար («Երգեր առանց երաժշտության», «Բոլորովին ուրիշ աշուն») ժողովածուից է:

Աշնանային մի տխուր երեկո դեմ-դիմաց հանդիպեցին իրար`
երկու հակառակորդ զինվոր-
ամեն մեկն ուներ իր գեներալը,
ամեն մեկն ուներ իր հրացանը,
որին նրանք այնքան վարժ էին տիրապետում:
Դեմ- դիմաց նրանք փորում էին իրենց խրամատները,
որպեսզի այնտեղից ճշգրիտ նշանառությամբ կրակեն իրար վրա -
ահա թե ինչու նրանք ջանասիրաբար խրամատ էին փորում`
և խորն էին փորում,
և խորն էին փորում
Աշնանային մի տխուր երեկո դեմ-դիմաց հանդիպեցին իրար`
երկու հակառակորդ զինվոր և ամեն մեկն ուներ իր գեներալը,
և գեներալները հրամաններ էին արձակում և ծխում էին իրենց
ծխախոտները, իսկ զինվորները փորում էին իրենց խրամատները`
և խորն էին փորում,
և խորն էին փորում:
Գեներալները սկզբում ոչինչ չէին կասկածում,
նրանք միայն հրամաններ էին արձակում,
նրանք միայն ծխում էին իրենց ծխախոտները
և միայն երբեմն թշնամական հայացք էին նետում թշնամու վրա,
բայց հիմնականում, գեներալները ոչինչ չէին կասկածում:
Եվ երբ գլխի ընկան, թե բանն ինչ է, արդեն բավականին ուշ էր,
և ամեն ինչ կորած էր.-
զինվորները շատ խորն էին փորել խրամատները,
նրանք չափազանց խորն էին փորել խրամատները,
և շարունակում էին փորել,
և շարունակում էին փորել:
Գեներալները գոռգոռում էին` «Դուրս եկեք, վախկոտներ»,
ոտքերը խփում էին գետնին`«Դադարեցրեք փորելը»
և միայն երբեմն թշնամական հայացք էին նետում թշնամու վրա:
Հետո, երբ տեսան ամեն ինչ իզուր է,
նրանք բարձրաձայն լաց եղան
ու տեղացին անպարկեշտ հայհոյանքներ,
ջանասիրաբար ընտրելով բառերը:

Նույն շարքից