Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է աչալուրջ կերպով հետևել ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներին: Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքապետը հայտարարել է.
«Ձյան տեղումների օրերին, դրա առատությունը հաշվի առնելով, մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքի տրանսպորտային երակները բաց պահելն էր, ինչը հաջողվեց: Տեղումների դադարից հետո մեզ համար գլխավորը հրապարակներից, փողոցներից, խաչմերուկներից և մայթերից ձյան շերտը մաքրելն է, դրանք որոշակի հատվածներում կուտակելն ու կուտակված ձյունը օպերատիվ քաղաքից դուրս տեղափոխելն է: Այժմ շուրջօրյա ռեժիմով հենց այդ աշխատքներն են ընթանում: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներից արդեն ավելի քան 5000 անգամ ամբողջությամբ բեռնված բեռնատարներով ձյուն է տեղափոխվել: Օդերևութաբանների տեղեկացմամբ` վերջին 15 տարիների ընթացքում համեմատաբար առատ տեղումներ ունեցել ենք 2005 և 2009 թվականներին, սակայն ի տարբերություն այս տարվա, դրանք եղել են ընդհատումներով և ոչ այսքան առատ: Ու ըստ այդմ` այս տարվա ձյան տեղումները՝ իրենց անընդհատությամբ, եղել են աննախադեպ: Տեղումների առաջին իսկ օրից ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված են եղել «Սանիտեք» ընկերության բոլոր 180 միավոր փողոցներ, մայթեր ու բակեր մաքրող մեծ և փոքր չափերի մասնագիտացված տարբեր մեքենամեխանիզմները: Հաշվի առնելով ձյան տեղումների անընդհատությունը` ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում ներգրավվել են նաև մասնավոր ընկերությունների ավելի քան 170 միավոր տարբեր ֆունկցիոնալ նշանակության մեծ և փոքր մեքենամեխանիզմներ: Ընդհանուրը ավելի քան 350 մեքենամեխանիզմներ են ներգրավված ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքներում»: