Այսօր Հայ Առաքելական եղեկեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ : Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի տոնը նշում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։
Մինչև Սուրբ Ծնունդը տոնելը՝ հունվարի 5-ի երեկոյան, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Նշենք, որ Ճրագալույցի Սուրբ Պատարագը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` ՍուրբԾնունդի և Սուրբ Հարության տոների նախօրեին։
Ճրագալույցի Ս.Պատարագի խորհրդի մասին մեր թղթակիցը զրուցել է Արտաշատի կապի ուսումնական զորամասի հոգևոր սպասավոր Գևորգ սարկավագ Գյոզալյանի հետ: Վերջինիս հավաստմամբ՝ եկեղեցական հինգ տաղավար տոներից Սուրբ Ծնունդը համարվում է առաջին տոնը: Բայց մինչ Սուրբ Ծնունդը նշելը «Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել (վառել)»։
Գևորգ սարկավագ Գյոզալյանը նշեց, որ Եկեղեցի գնալով՝ մենք ստանում ենք Սուրբ Ծնունդի ավետիսը, և Քրիստոսի լույսն ենք տանում մեր տները. մեր սրտերը դարձնում ենք բեթղեհեմյան մսուր, որպեսզի Աստված բնակվի մեր սրտերում: Պատարագի ընթացքում պատարագիչ քահանան տալիս է Սուրբ Ծնունդի ավետիսը: Այնուհետև մարդիկ եկեղեցուց մոմերով ճրագալույցի լույսն են տանում իրենց տները ու սկսում են ուրախ տրամադրությամբ տոնել Սուրբ Ծնունդը: