Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Ինչպե՞ս է տոնում Սուրբ Ծնունդը Լուսիկ Ագուլեցին

analitik.am

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության:

Այսօր՝ հունվարի 6-ի առավոտյան, հայկական եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում: Հավատացյալներն օրհնված ջուրը տանում են իրենց տները, ապա ջերմ, ընտանեկան մթնոլորտում տոնում Տիրոջ Սուրբ Ծննդյան օրը:

Յուրաքանչյուրիս ընտանիքներում յուրովի ենք նշում բոլոր տոները: Ոմանք ավանդապաշտ են, ոմանք՝ ոչ այնքան: Իսկ ինչպե՞ս է Տիրոջ Սուրբ Ծնունդը նշում նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Այս հարցի պատասխանն իմանալու համար մեր թղթակիցը զրուցել է վերջինիս հետ:

-Տիկի՛ն Ագուլեցի, Ձեր ընտանիքում ինչպե՞ս եք նշում Սուրբ Ծնունդը:

-Սովորաբար այս տոնը նշում ենք դստերս տանը, քանի որ այսօր նաև փոսային ծննդյան օրն է: Սուրն Ծնունդին ընդառաջ՝ ձևավորում եմ խաչը: Դրա չորս կողմերը զարդարում եմ խնձորներով և կողքին դնում մրգերով լի սկուտեղը:

Մենք տանը ծառ ունենք՝ ավելից պատրաստված: Ավելը մաքրագործության խորհրդանիշն է: Այդ ավելից կախված են ջայլամի ձվեր, որոնց վրա պատկերված են քրիստոնեական թեմաներով նկարներ: Ամեն տարի Սուրբ Ծնունդի օրը պարտադիր գնում ենք եկեղեցի: Օրհնված ջուր եմ վերցնում եկեղեցուց և տանում եմ դստերս տուն: Հարազատներով հավաքվում ենք այնտեղ ու տոնում այս գեղեցիկ տոնը:

-Սուրբ ծնունդի օրն ի՞նչ ուտեստներ եք պատրաստում:

-Բնականաբար պատրաստում ենք բրնձով ու չամիչով փլավ, ձուկ ենք եփում և, իհարկե, գինի ենք դնում տոնական սեղանին:

-Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին ու համայն հայությանը.

-Սիրով ու ջերմությամբ դիմավորենք այս տարին: Պետք է կարողանանք ներել մեկս մյուսին: Առանց դրա հոգու խաղաղություն չկա: Բոլորին առողջություն եմ մաղթում: Թող աշխարհում իշխի խաղաղությունը և թող որ մեր զինվորները ողջ ու առողջ վերադառնան իրենց տները:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից