Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015 թվականի դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։
Ուորլիքը հավելել է, որ չնայած չի հաջողվել բեկում գրանցել հանդիպման ժամանակ՝ համանախագահները ձգտելու են նախագահների հանդիպում կազմակերպել նաև նոր տարում:
«Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքները երկու երկրների արտգործնախարարների հետ՝ հասնելու համար հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, բռնությունների առաջացման ռիսկերի կրճատման միջոցներին ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության հետագա առաջխաղացման ծրագրին»,- ասել է Ուորլիքը։
Դիվանագետն ընդգծել է, որ հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և որ ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. «Մենք կողմերին առաջարկում ենք կառուցողաբար մոտենալ առաջիկա գագաթնաժողովին և օգտագործել հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորությունը»։