Գլխավոր Հարցազրույց 

Քրիստոնեական բարոյականությունն ու հավատը մարդ պետք է կրի իր հոգում. Արմեն Պողոսյան

analitik.am

Ոմանք Սուրբ Ծնունդի խորհուրդը կապում են ավանդույթներին հարազատ մնալու, եկեղեցի այցելելու, Սուրբ Պատարագին ակնդիր ու ունկնդիր լինելու հետ: Իսկ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը կարծում է, որ պարբերաբար եկեղեցի այցելելով կամ ավանդույթներին կառչելով չէ, որ մարդը պիտի իր մեջ կառուցի ու պահպանի քրիստոնեական բարոյականությունը:

Ըստ նրա՝ մարդն իր հոգում պետք է կրի քրիստոնեական հավատի ու բարոյականության լույսը: Մեր թղթակիցը զրուցել է Արմեն Պողոսյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչպես են նշում Սուրբ Ծնունդը նրանց ընտանիքում:

-Պարո՛ն Պողոսյան, Ձեր տանն ինչպե՞ս եք նշում Տիրոջ Սուրբ Ծննդյան օրը:

-Նախ ասեմ, որ իմ տատիկը եղել է Ղարսի տեր Գրիգոր քահանայի դուստրը: Եկեղեցիների կողքով անցնելիս միշտ համբուրում էր պատերը: Ես դեռ փոքրուց հայրենասիրական ոգով եմ դաստիարակվել: Մեր ընտանիքում միշտ խորը հարգանք է եղել դեպի Հայ Առաքելական եկեղեցին, քրիստոնեական հավատը, և, իհարկե, հավատ առ Աստված: Այսուհանդերձ, պետք է նշեմ, որ հիմա Սուրբ Ծնունդը ես և կինս մի փոքր ‹‹մոդեռնացրել ենք››: Եթե հյուր ենք գնալու, մանրամասնորեն չենք պատրաստվում Սուրբ Ծնունդի արարողություններին:

-Կա՞ն ավանդական ուտեստներ, որոնք այսօր տեղ են գտնում Ձեր տոնական սեղանին:

-Այդ հարցում մենք այնքան էլ ավանդապահ չենք: Փլավը, ձուկը երբեմն դրվում են տոնական սեղանին, երբեմն՝ ոչ: Բայց պետք է ասեմ, որ գինին անպայման տեղ է գտնում մեր տոնական սեղանին: Ինչ ինձ հիշում եմ, մեր տանը օղի չեն խմել: Մեր տանը գինին է ընդունված: Բնականաբար, այսօր ևս գինի ենք խմում:

-Սուրբ Ծնունդի օրը կամ դրա նախօրեին եկեղեցի այցելու՞մ եք:

- Քրիստոնեական բարոյականությունն ու հավատը մարդ պետք է կրի իր հոգում ու սրտում: Կարծում եմ՝ պարտադիր չէ, որ մարդ պարբերաբար եկեղեցի այցելի: Պետք է ասեմ, որ ես ունեմ ընկերներ, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներ են: Նրանց հետ առնչվելիս մարդ հոգեպես հարստանում է: Օրինակ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Դանիելը այնքան բարի է, մարդասեր, բանիմաց... Աշխատում եմ հնարավորինս շատ առնչվել այդպիսի մարդկանց հետ և իմ հոգում կրել քրիստոնեական հավատն ու բարոյականությունը:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից