Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Գերմանիայում լրագրողների հարցերին պատասխանելիս մի ուշագրավ հայտարարություն է արել Արցախի վերաբերյալ։ Իրեն ապուշի տեղ դնելով կամ էլ միտումնավոր, սույն ռազմական գործիչը հայտարարել է. «Եթե նայում եք Ռուսաստանի գործողություններին սկսած 2008 թ-ից Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում և հիմա Սիրիայում, կտեսնենք, որ մեծ մասը Ռուսաստանը դիտում են որպես ռևանշիստական երկիր, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառման, որպես գործիքի՝ ազգային հզորության հասնելու համար»։ Ամերիկյան գեներալը նաև ասել է, որ Ռուսաստանի ակտիվացման դիմաց ԱՄՆ-ն պետք է լրացուցիչ զորքեր ուղարկի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությունը ապահովելու համար։
Թե ինչ կապ ունի Արցախը 2008 թ-ից սկսած Ռուսաստանի ակտիվացման հետ, ամերիկյան գեներալը չի մանրամասնել։ Շատ հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի սույն բարձրաստիճան զինվորականը վրիպել է Արցախը մատնանշելով այս ցուցակում, որի հնարավորությունը շատ ՔԻՉ է։ Ավելի հավանական եմ համարում այն վարկածը, որ ՆԱՏՕ-ի և կոնկրետ ԱՄՆ-ի համար Արցախյան կոնֆլիկտում հայկական կողմերի հաղթանակը՝ դա Ռուսաստանի հաղթանակն է։ Այսինքն, Արցախում հայերի պարտությունը լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի քաղաքական գծին, որոնց գլխավոր դաշնակիցը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե Անկարան ում է պաշտպանում Արցախյան կոնֆլիկտում։ Այս հայտարարությունով ամերիկյան գեներալը բացահայտեց, որ իրենց ձեռնտու չէ հայերի հաղթանակը։
Այս «ապուշ», սակայն շատ մեծ վտանգներ իր մեջ պարունակող հայտարարությանը պաշտոնական Երևանը շատ արագ և կոշտ պետք է արձագանքի։ Նախ մեր ԱԳՆ-ն պետք է ՆԱՏՕ-ից պահանջի բացատրություն տալ, թե ինչ է ի նկատի ունեցել Ֆիլիպ Բրիդլավը, երբ այդ «ցուցակի» մեջ է ընդգրկել է նաև Արցախը։ Երկրորդ՝ մեր ամերիկահայ կազմակերպություններն իրենց ամերիկացի պաշտոնյա գործընկերների միջոցով նույն հարցը պետք է բարձրացնեն ԱՄՆ Կոնգրեսում և Պետքարտուղարությունում։