Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։ Նախարարը հանձնարարել է ուժեղացնել համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։
Analitik.am–ի հետ զրույցում վարակաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Իրինա Մխիթարյանը մի քանի խորհուրդ տվեց, որոնց հետևելով կարելի է խուսափել գրիպից և սուր շնչառական վարակներից:
«Նրանց, ովքեր ավելի ընկալունակ են վիրուսային հիվանդությունների նկատմամբ և ունեն թույլ դիմադրողականություն, խորհուրդ ենք տալիս դիմել բժշկի և ստանալ համապատասխան պատվաստում: Խուսափե՛ք այնպիսի փակ տարածություններից, որտեղ շատ մարդիկ են հավաքված, քանի որ նման պայմաններում վիրուսային հիվանդություններով վարակվելու վտանգն ավելի է մեծանում: Ամանորին շատերս շնորհավորում ենք միմյանց՝ ողջագուրվում, գրկախառնվում: Այս երևույթներից ևս պետք է հնարավորինս խուսափել: Մարդաշատ վայրերում գտնվելիս դիմակներ կրեք. այդպիսով կարելի է խուսափել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսներից: Վերջում կուզենայի հնչեցնել ամենակարևոր հորդորս. մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ. եթե վատառողջ եք, դիմե՛ք բժշկի»:
Հասմիկ Բալեյան