Քաղաքական Միջազգային Ռազմական Ֆեյսբուք 

Հվ.Կովկասը անվտանգության փորձաքարերի նոր շրջան է մտնում

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2016-ի հենց առաջին օրերից մերձավորարևելյան տարածաշրջանը հերթական քաղաքական փոթորկի մեջ հայտնվեց: Սաուդյան Արաբիան (+Բահրեյնը+ռեգիոնալ որոշ երկրներ) ու Իրանը շիա հոգևորականի մահապատժից հետո հայտնվեցին օր-օրի սրվող առճակատման մեջ:

Ավանդաբար ռեգիոնի գրեթե բոլոր երկրների համար Իրանի հնարավոր զարգացման ցանկացած սցենար դիտվել է որպես լրջագույն մարտահրավեր: 2015-ի ամերիկաիրանական համաձայնություներից հետո կարծես Իրանի համար նման «հզորացման դուռ» էր բացվել: Դա ռազմավարական, քաղաքական, ռազմական, տնտեսական-հումքային և մի շարք այլ գործոնների զորու առաջին հերթին շահեկան չէ Անկարային ու Էր-Րիադին: Ուստի լավ գիտակցելով շիա մահմեդական հոգևորականի մահապատժի ռեգիոնալ արձագանքը և հատկապես Իրանի հնարավոր գնահատականները՝ Սաուդները գնաց դրան: Տրամաբանական է, որ մինչ այդ քայլը և նրա ակնկալելի հետևանքները, Սաուդայն Արաբիան քաղաքական խորհրդակցություններ էր անցկացրել ռեգիոնալ ու ոչ ռեգիոնալ իրենց որոշ գործընկերների՝ մասնավորապես՝ Ծոցի արաբական երկրների (Բահրեյն, Կատար և այլք), ԱՄՆ-ի, Թուրքիայի, հավանաբար Իսրայել հետ: Որպես նման խորհրդակցություններից մեկի արդյունք՝ օրինակ՝ Թուրքիան ստացավ մոտ 650 մլդ դոլարի ներդրման փաթեթի հնարավորություն, որը հավանաբար կուղղվի ոչ միայն թուլացնելու ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցների հետևանքերը տնտեսության վրա, այլև ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում կխորացնի թուրքական տնտեսության զարգացման հնարավորությունները :

Մերձավոր Արևելքում ճգնաժամի նոր աղբյուրի որոշակիացումը ու դրա հնարավոր զարգացումը ուղղակիորեն կապված է մեր փոքրիկ ու խոցելի ռեգիոնի հետ: Մեծ հաշվով Հվ.Կովկասի երկրներն այսօր գտնվում են սպառնալիքների ու վտանգների արտահանման ռիսկի առաջին գոտում:

Այս առումով ինչ ունենք այսօր ռեգիոնում. ունենք ռուս-թուրքական բավական սրված հարաբերություններ, լարվածության աճ ԼՂ հակամարտության գոտում և միջնորդների ջանքերի ակտիվացում, ՀԱՊԿ-ի սուր քննադատություն ՀՀ-ի կողմից, ունենք Նարդարանում շիաների «աբստամբություն» ու Ադրբեջանի կողմից դրա բռնի ուժով ճնշում, Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ որոշակի պատժամիջոցներ, Բաքու-Անկարա ռազմավարական գործակցություն (կամ գոնե դրա գոյության արտաքին փաթեթավորում), ունենք նավթի գների լուրջ իջեցում ու դրանից բխող տնտեսական սուր խնդիրներ Ադրբեջանում, ՌԴ-ում, ունենք ԵՄ-Վրաստան հարաբերությունների խորացում, ու կառավարչական անորոշություն Վրաստանում:

Եվ այս գործոններն իրենց վրա զգում են մեկ այլ՝ կարևոր իրողության կայուն ազդեցություն. տարածաշրջանի բոլոր երկրները կայուն ինտենսիվությամբ զինվում ու ռազմապաշտպանական համակարգի արդյունավետությանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկում: Ի դեպ, այդ գործընթացներում մեր երկիրը վերջին տեղեր չի զբաղեցնում:

Վերոշարադրյալի ներքո Հվ.Կովկասը, մի կողմից՝ հենց ինքը ունենալով ներքին անկայունության էական պաշար, փաստացիորեն կհանդիսանա այն «պատվարը», որն արտաքին բարձր անվտանգային ռիսկերի պարագայում ոչ միայն «պետք է փորձի» դիմագրավել հարավից եկող սպառնալիքներին, այլև «պետք» է խոչընդոտի նրանց անցումը դեպի ՌԴ-ի հարավային սահմաններ:

Ընթացքիկ տարին, կարծում ենք, բավական կարևոր փորձաքար կլինի ռեգիոնի երեք ճանաչված երկրների ՝արտաքին քաղաքական ուղեգծերի հիմնավորման ու արդարացվածության ստուգման տեսանկյունից: «Ստուգումներ», որոնց հիմքերը դրվել են 2015-ի զարգացումներում: Գործնականում հստակ տեսանելի կլինի, թե որքանո՞վ են հայ-ռուսական գործակցային հարաբերությունները արդյունավետ ու փոխշահավետ, որքանո՞վ Ադրբեջանը կշարունակի հավատարիմ մնալ Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սիրախաղին և վերջապես որքանո՞վ է ռեալ վտանգների պարագայում արդարացված Վրաստանի՝ ԵՄ-ին ասոցացվելու/ինտեգրվելու քաղաքականությունը:

Նույն շարքից