Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Դրամն արժեզրկվելու է. տնտեսագետ

analitik.am

Անկախ թանկացումներից կամ գնային վայրիվերումներից՝ մենք՝ հայերս, սովոր ենք Ամանորը նշել հնարավորինս ճոխ ու պերճաշուք:

Գաղտնիք չէ, որ մեր երկրում միշտ լինում են ամանորրյա թանկացումներ: Իսկ մոտ ապագայում գնանկում տեղի կունենա՞: Այս և տնտեսական թեմաներով այլ հարցերի վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, այս տարի մեր երկրում ամանորյա թանկացումեր եղե՞լ են:

-Վիճակագրական տվյալներ ինձ մոտ չկան առայժմ: Բայց պետք է ասել, որ որոշ թանկացումներ, իհարկե, եղել են: Այսուհանդերձ, չեմ կարծում, որ թանկացումները մեծ են եղել:

-Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի ամանորյա թանկացումները մե՞ղմ են եղել, թե՞ ընդհակառակը:

-Կարծում եմ՝ գրեթե նույն չափի է եղել: Թանկացումների ծավալներն, ընդհանուր առմամբ, եղել են այպես, ինչպես նախորդ տարիներին:

-Ի՞նչ կանխատեսումներ կան. մոտ ապագայում՝ Ամանորից հետո, գնանկում կլինի՞:

-Կարծում եմ՝ դեռ վաղ է ինչ-որ կանխատեսում անել: Բայց պետք է ասեմ, որ գնանկումը մեծապես կախված է ժողովրդի գնողունակությունից: Եթե տնտեսական վիճակը վատացավ, տրամաբանական է, որ մարդիկ փող չեն ունենալու առևտուր անելու համար: Սրան հետևելու է գնանկումը: Այսինքն՝ եթե ճգնաժամային երևույթներ չլինեն, կարծում եմ՝ նույն մակարդակի վրա են մնալու գները: Գնանկում շատ չի լինի:

-Հայտնի է, որ նավթի գինն իջել է համաշխարհային շուկայում: Բայց մեր երկրում առայժմ փոփոխություններ չեն նկատվում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նավթի գնի անկումը մեր երկրի վրա կարող է ազդել երկու կողմից: Պետք է որ բենզինի գներն իջնեին, բայց սովորաբար դա չի լինում մեր երկրում: Երկրորդ գործոնն այն է, որ Ռուսաստանի տնտեսության վրա է ազդում նավթի գնի անկումը: Ռուսաստանի տնտեսության վատացումը ազդում է մեր երկիր եկեղ տրանսֆերների վրա. դրանք նվազում են: Նավթի գնի էժանացմանը համընթաց՝ արժեզրկվում է նաև ռուբլին: Դրանից տուժում է մեր տնտեսությունը. դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալները նկատելիորեն նվազում են:

-Ի՞նչ կասեք դոլար-դրամ փոխհարաբերության մասին ի՞նչ կանխատեսումներ կան:

-Կարծում եմ՝ դրամն արժեզրկվելու է: Այս օրերին դոլարն ամբողջ աշխարհում աստիճանաբար արժևորվում է:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից