Հայաստան Քաղաքական Հարցազրույց 

Մի քանի հոգով հավաքվում են, որ ցույց տան, թե ով է ցրտադիմացկուն. Ա. Հարությունյանը «Նոր Հայաստան»-ի մասին

Analitik.am-ը զրուցել է ընդդիմադիր «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ` «Նոր Հայաստան»-ի ծավալած գործունեության մասին:

Հարությունյանը նման մոտեցում ունի ծավալած պայքարին.

-Սեպտեմբերի 12-ին ստեղծվեց «ՈՉ»-ի ճակատը:Այնտեղ էին ՀԱԿ-ը, մեր կուսակցությունը, «Հիմնադիր խորհրդարան»-ը... Սկզբում ժողովրդի մեջ ոգևորություն կար: Այս դաշինքը բավականին ազդեցիկ էր: «Հիմնադիր խորհրդարան»-ը մի քանի օր անց առանձին նիստ հավաքվեց. նոր բան ստեղծեց: Բայց ժողուրդը միշտ ոգևորվում է, երբ տեսնում է, որ ընդդիմադիր ուժերը համախմբվում են:

Սեպտեմբերի 25-ին Գյումրիում հանրահավաք կար: Ես կարծում էի, որ բոլորս միասին պիտի գնայինք՝ նախապես հավաքվելով ու պլաններ կազմելով: Բայց մեզ չզանգեցին, չզգուշացրին: Նույնիսկ մենք էինք զանգում, հետաքրքրվում... Հետո նկատելի էր, որ արդեն խմբավորումներ էին առաջանում: Միասնությունն այն չէ, որ մեկը հրապարակ գնա ու ասի՝ եկե՛ք, միացե՛ք մեզ: Այսպիսի դեպքերում նախ պետք է բոլորը հավաքվեն, քննարկումներ անեն:

Ժողովուրդը հրապարակ չի գնում, որովհետև հասկանում է՝ միասնություն չկա: Ես այս ամենին չեմ ուզեցել գնահատականներ տալ Սերժ Սարգսյանի ջրաղացին ջուր չլցնելու համար: Բայց հիմա հստակ կարող եմ ասել՝ «ՈՉ»-ի ճակատը միասնական հանդես չեկավ: Գնալ նստել հրապարակում ու սուր բաներ ասել.... Սա ոչ մի բան չի փոխելու:

Կարծես թե պայքար է ընթանում ընդդիմության տիտղոսի համար: Մեկը գնում է Ազատության հրապարակ, ասում է՝ եկե՛ք այստեղ: Այդպես չի լինում ախր: Եթե «Նոր Հայաստան»-ն ուզում էր իրենց միանան... դե, միացել էին «ՈՉ»-ի ճակատը ստեղծելիս: Հետո փակ նիստ արեցին... Մամուլին էլ հայտարարեցին այդ մասին: Փակ նիստ անողը մամուլին չի հայտարարում, չի ասում՝ փակ նիստ ենք անում:

Պարզ կասեմ՝ ինձ համար շատ բան է մութ մնացել: Ժողովուրդն ամեն օր տեսնում է, որ մի քանի հոգով հավաքվում են, դիմանում ցրտին: Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ հավաքվենք ու ցույց տանք, թե ով է ավելի ցրտադիմացկուն: Մենք չպիտի հավաքվենք «Նոր Հայաստան»-ի շուրջ: Պետք է բոլորը հավաքվեն, որպեսզի ընդհանուր որոշում կայացվի, ոչ թե «Նոր Հայաստան»-ը մի բան որոշի, մենք էլ համախմբվենք նրա շուրջ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից