‹‹Նոր Հայաստան››-ի նստացույցն Ազատության հրապարակում շարունակվում է: Ընդդիմադիր ուժերից որոշները դրական կարծիք ունեն այս քաղաքական ուժի ծավալած գործունեության վերաբերյալ, որոշներն էլ՝ ընդհակառակը:
Ինչու՞ ընդդիմադիր կուսակցություններից շատերը չեն միանում ‹‹Նոր Հայաստան››-ի պայքարին: Այս հարցերի վերաբերյալ Analitik.am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, ի՞նչ կարծիք ունեք ‹‹Նոր Հայաստան››-ի ծավալած գործունեության վերաբերյալ:
- Ամեն ընդդիմադիր ուժ ինքն է որոշում, թե ինչ ռազմավարությամբ կամ տակտիկայով պետք է իր պայքարը ծավալի: Ես հստակություն չեմ տեսնում՝ ինչ են ուզում: Իրենք իշխանափախություն են ուզում: Բայց իրենց կիրառած միջոցներին նայելով՝ կարելի է ասել, որ դա դատապարտված է անհաջողության: Մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդ են հավաքվում Ազատության հրապարակում: Բայց ժողովուրդն իրենց հետևից չի գնում: Իրենք ազատ են իրենց ծավալած գործունեության մեջ: Կարող են վարվել այնպես, ինչպես ճիշտ են գտնում: Չեմ ուզում որևէ որակում կամ գնահատական տալ: Բայց կարծում եմ, որ ‹‹Նոր Հայաստան››-ի ծավալած գործունեությունը որևէ արդյունքի չի հանգեցնի:
-Ինչու՞ ԲՀԿ-ն չի միանում ‹‹Նոր Հայաստան››-ի ծավալած պայքարին:
-ԲՀԿ-ն ինչու՞ պետք է միանա ‹‹Նոր Հայաստան››-ին: Մեր կուսակցությունն ունի պայքարի իր ձևը: Այն քաղաքականությունը, որը որդեգրել է ‹‹Նոր Հայաստան››-ը, արդյունք չի տալու: Փողոցներում պայքարելով այս երկրում իշխանափոխություն անել հնարավոր չէ: Ասենք՝ գնանք նստենք այնտեղ, որ ի՞նչ լինի: Մեծածավալ գործողությունների համար անհրաժեշտ է, որ ժողովուրդը տոգորված լինի այդ գաղափարով: Մարդիկ պետք է շահագրգռված լինեն դրանով: Իսկ այս երևույթները չկան մեր մեջ: Փողոցային պայքարով մեր երկրում կոնկրետ արդյունքի հասնել հնարավոր չէ: Դրա համար օբյեկտիվ նախադրյալներ ու գաղափարներ են պետք: Գոյություն ունի քաղաքականություն ու քաղաքական փորձ: Վերջին 25 տարում Հայաստանում հաջողված փորձ չունենք այս առումով: Միակ ձևն ընտրությունների միջոցով պայքարի արդյունքը ցույց տալն է: Կլինեն ընտրություններ: Թող մասնակցեն ընտրություններին ու ցույց տան, թե իրենք որքան ձայն կարող են հավաքել:
Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը