Հայաստանում այս օրերին խոզի գրիպով վարակված հարյուրավոր մարդիկ կան: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Մեր թղթակցի ուղղած հարցերին պատասխանելով՝ Արա Ասոյանը նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես ձմռան ամիսներին, գրիպով հիվանդների քանակը միանգամից ավելանում է:
‹‹2009-2010 թվականին՝ ձմռան ամիսներին, էլի եղել են այսպիսի դեպքեր: Այդ տարիներին ևս H1N1-ի (խոզի գրիպի) դեպքեր գրանցվեցին: Սա սեզոնին բնորոշ հիվանդություն է: Այս երևույթը նկատվում է նաև մեզ շրջապատող երկրներում: Ասպիսի դեպքեր գրանցվել են նաև Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում››, -նշեց Արա Ասոյանը:
Analitik-ի հարցին, թե ինչպես է ընթանում H1N1-ի կլինիկան, վարակաբանը պարզաբանեց. ‹‹H1N1-ը՝ խոզի գրիպը, ախտահարում է թոքերը և շնչառական համակարգը: Ճիշտ է, կան մահվան դեպքեր, բայց ասել, որ այս հիվանդության ելքը հիմնականում մահացու է, սխալ է: Նման բան չկա:
Այսուհանդերձ, պետք է ասեմ, որ մեր հանրապետությունում գրանցված մահվան 4 դեպքերը, միանշանակ, կապված են H1N1 վիրուսի հետ, դա չենք ժխտում: Անկախ լաբորատոր հաստատումից՝ իմ խորին համոզմունքով այն վիրուսը, որն այսօր շրջանառվում է հատկապես Երևանում, մոտ 80 տոկոսը H1N1 է: Նույնիսկ հետազոտություն անելու իմաստ չկա: Մենք միանշանակ գիտենք, որ հիվանդների մոտ առկա է այս վիրուսը: Ելնելով հիվանդի վիճակից՝ պետք է արվի համապատասխան բուժում. կա սպեցիֆիկ բուժում, որը կատարվում է հակավիրուսային Տամիֆլյու դեղի միջոցով: Բայց միշտ չէ, որ խոզի գրիպով վարակված հիվանդին նշանակվում է Տամիֆլյու: Դա կախված է հիվանդի վիճակից: Դեղատներում այժմ դժվար է ճարվումայս դեղամիջոցը: Քաղաքացիների շրջանում կա խուճապ. շատերը գուցե այս դեղորայքը ձեռք են բերել, որ ուղղակի տանն ունենան››:
Վարակաբանը նշեց, որ Տամիֆլյուն արժե մոտ 20 հազար դրամ, մինչդեռ 2009-2010 թվականներին այն 6-7 հազար դրամ էր:
‹‹Այս շրջանում դեղորայքային շուկայում թանկացումներ են նկատվում: Տոմիֆլյուն ևս թանկացել է: Նախորդ տարիներին մի քանի հազար հիվանդի նշանակել ենք Տամիֆլյու և նկատելի բացասական կողմնակի ազդեցություն չենք նկատել: Կարծում եմ՝ այսօր գրիպով հիվանդներին չարժե հետազոտել, քանի որ հետազոտության շղթան միշտ չէ, որ հնարավոր է այն ապահովել: Այն դեղորայքային միջոցները, որոնք նշանակում ենք հիվանդներին, ուղղված չեն միայն խոզի գրիպի դեմ: Դրանք ուղղված են ընդհանրապես A խմբի վիրուսների դեմ՝ H1N1, H2 N3... և այլն››, -նշեց վարակաբանը:
Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել խոզի գրիպից և, առհասարակ, վիրուսային վիվանդություններից. ‹‹Հիվանդի հետ առնչվելիս անհրաժեշտ է պահպանել հեռավորություն, դիմակ կրել, հաճախ լվացվել: Խուսափե՛ք մարդաշատ վայրերից, գրկախառնություններից ու համբույրներից››, - նշեց Արա Ասոյանը:
Եվ վերջապես, գրիպի ո՞ր ախտանիշների առկայության դեպքում քաղաքացին պետք է անպայմանորեն դիմի բժշկի. ‹‹Եթե քաղաքացու մոտ երկու օր շարունակ նկատվում է բարձր ջերմություն, քրտնարտադրություն, գրիպոզ վիճակ, կոկորդի քերոց, նա անպայման պետք է դիմի բժշկի: Խուճապի մատնվել պետք չէ, բայց նշեմ, որ խոզի գրիպի այսպիսի բռնկում դեևս չէր եղել մեր երկրում: Դժվարանում եմ կոնկրետ թիվ նշել, բայց հարյուրավոր մարդիկ կան պառկած հիվանդանոցներում, որոնցից 8-ի վիճակը շատ ծանր է››, -եզրափակեց ՀՀ գլխավոր վարակաբանը: