Լյուսյա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում Սոնյա և Մարիետա Աղասարյաններին նկատելով՝ վիրավորական արտահայտություններով մոտեցել է նրանց և մեկ անգամ հարվածել Մարիետա Աղասարյանի մեջքին:
Այդ ժամանակ Սոնյա Աղասարյանը քաշել է Լյուսյա Պետրոսյանի պայուսակից, որից հետո Լյուսյա Պետրոսյանն իր ձեռքի պայուսակով հարվածել է Սոնյա Աղասարյանի ուսերին և մեջքին: Դրանից հետո Սոնյա Աղասարյանը հրել է Լյուսյա Պետրոսյանին և իր ձեռքի՝ ջրով լցված պոլիէթիլենային տարայով ցանկացել է հարվածել Լյուսյա Պետրոսյանին, սակայն վիճաբանությանը միջամտել է գործով վկա Լարիսա Խաչատուրյանը և բաժանել նրանց:
Այդ ժամանակ Սոնյա և Մարետա Աղասարյաններն աստիճաններով իջնելով, հեռացել են դեպի Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի ուղղությամբ, իսկ Լյուսյա Պետրոսյանը շարունակել է նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անել և սպառնալ, իսկ քիչ անց՝ նույնպես հեռացել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: