Եգիպտոսի արտգործնախարարությունը դիմել է Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով հստակեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների անսպասելի մերձեցման պատճառները: Հավանաբար Եգիպտոսը մտավախություն ունի պաղեստինաբնակ Գազայի շրջանում իր դիրքերի թուլացմամբ: Այս մասին հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը:
Այն, որ Թուրքիայի ու Եգիպտոսի հարաբերությունները, մեղմ ասած բարեկամական չեն, փաստ է: Էրդողանը երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Եգիպտական իշխանությունից հեռացվեցին իր շատ սիրելի ազգայնական՝ «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայացուցիչները:
Այժմ Անկարան Իսրայելից պահանջում է ազատ մուտք Գազայի շրջան: Բացի այդ իսրայելա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը նպաստում է նաեւ Իրանի գործոնը:
Եւվ Թուրքիան, եւ Իսրայելը ամեն ինչի ընդունակ են շիա Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու համար: Իրանի ու Սաուդյան Արաբիայի հակամարտության պայմաններում Իսրայելը որոշել է ավելորդ խնդիրներ չստեղծել թուրքերի հետ: Իհարկե, երկու երկրների ընդհանուր շահերը շատ հեռու են, սակայն, դիվանագիտությունը՝ մնում է դիվանագիտություն:
Ակնհայտ է, որ նման պայմաններում Մերձավոր Արեւելքում իրավիճակի նոր շիկացում է սպասվում, իսկ ուժեղ Եգիպտոս տարածաշրջանում ոչ ոքի հարկավոր չէ: