Հայաստան Ֆեյսբուք 

Գեղամ Տեր-Պետրոսյանց՝ Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետը

analitik.am

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանցը ծնվել է 1863 թվականին, ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմունքը: Եղել է պետական ծառայող, աշխատել է կայսերական Հողագործության և պետգույքի նախարարության համակարգում` պալատական խորհրդականի կոչումով: 1897 թ. Ալեքսանդրապոլի (Գյումրի) պատմության մեջ կայացան քաղաքային խորհրդի (դումա) և քաղաքապետի (քաղաքագլուխ) առաջին ընտրությունները, որի արդյունքում Ալեքսանդրապոլի առաջին քաղաքապետ դարձավ Գեղամ Տեր-Պետրոսյանցը:

Գեղամ Տեր-Պետրոսյանցը ամուսնացած էր Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի դստեր` Ջավահիրի հետ: Նրանք բնակվում էին քաղաքի գեղեցիկ շենքերից մեկում, այսպես կոչված «Օժիտի տանը»` ինչպես գյումրեցիներն են առ այսօր այդ տունն անվանում: Այդ շենքը Լևոն Դրամփյանը որպես հարսանեկան օժիտ նվիրել էր աղջկան՝ Ջավահիր խանումին: Հենց այս շենքում էլ սկզբնական շրջանում գործել է Ալեքսանդրապոլի քաղաքապետարանը:

Գեղամ Տեր-Պետրոսյանցի օրոք քաղաքում կառուցվել է երեք կամուրջ, ֆերմա, սպանդանոց, ախտահանման կայան, քաղաքային բյուջեով սկսվել է կանանց պրոգիմնազիայի և կոմերցիոն ուսումնարանի շենքերի շինարարությունը: Նշենք նաև, որ նրա պաշտոնավարման ընթացքում բացվել են հանրային գրադարանը, քաղաքային բանկը, հիվանդանոցը և աղքատների օգնության հոգաբարձուների խորհուրդը, որի անդամն էր ինքը (նա նաև կանանց պրոգիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամն է եղել):

1906 թվականին Գեղամ Տեր-Պետրոսյանցը ընտրվում է Ռուսական կայսրության 1-ին պետական դումայի պատգամավոր Երևանի նահանգից: Պետդումայում նա ագրարային հանձնաժողովի անդամն էր, սակայն նույն 1906-ին ձեռբակալվել է` քաղաքական հայացքների պատճառով (Տեր-Պետրոսյանցը կադետների կուսակցությունից էր) և աքսորվել: Ներկայացվող պատկերը` 1903 թ. Սանկտ Պետերբուրգում տպագրված «Ռուսական կայսրության քաղաքապետերը» պաշտոնական ալբոմից է:

Նույն շարքից