Հարցազրույց Հասարակություն 

Նոր ցիկլոնն իր հետ կբերի առատ տեղումներ. Գագիկ Սուրենյան

Այս ձմռանը եղանակային անակնկալները հաջորդեցին մեկը մյուսին: Թեև տաք ձմեռ է, բայց նույնքան էլ տեղումնառատ:  Տեղումները թեև ոմանց մեծ անհարմարություններ պատճառեցին, բայց նկատենք մի դրական ու շատ կարևոր փաստ. տեղումների առատությունն, անշուշտ, մի ակնառու դրական կողմ ունի` ջրային պաշարները մեծանում են:

Analitik.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Մասնագետը ներկայացրել է օդերևութաբանական կանխատեսումներ, դիտարկումներ ու վերլուծություններ:

-Պարո՛ն Սուրենյան, ‹‹Հիդրոմետ›› ծառայությունը դեռևս ամիսներ առաջ կանխատեսել էր, որ այս ձմեռը տաք ու տեղումնառատ է լինելու: Այդպես էլ շարունակվելու՞ է:

-Այո՛,  ինչպես  կանխատեսվել էր, եղանակային պայմանները այդպես էլ եղան՝ տաք և տեղումնառատ: Դեռ հունվարի 12-ն է, բայց արդեն բոլոր շրջաններում տեղումները գերազանցել են ամսական նորման: Նշեմ, որ այդպես էլ շարունակվելու է:

-Եղանակային նոր անակնկալներ լինելու՞ են: Առաջիկայում  ինչպիսի՞ եղանակ է լինելու:

-Հունվարի 14-ի երեկոյան և 15-ի գիշերը հաջորդ ցիկլոնն իր հետ կբերի առատ տեղումներ՝ լեռնային գոտիներում ձյան տեսքով, նախալեռներում՝ թաց ձյան, իսկ հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով:

Այժմ  հանրապետության տարածքի եղանակային պայմանները ձևավորում են հարավային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում հատկապես այսօր նկատվում է օդի ջերմաստիճանի ինտենսիվ բարձրացում:

Օդի ջերմաստիճանն անոմալ  բարձր է հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում: Այսօր այդ հատվածներում ակնկալվում է մինչև +14-ից մինչև +16 աստիճան տաքություն:  Ընդհանուր առմամբ,  այժմ մեր երկրում ջերմաստիճանը նորմայից բարձր է 4-6 աստիճանով:

-Այս տարի  առատ տեղումների շնորհիվ, հավանաբար, գյուղատնտեսության ոլորտում մի մեծ խնդիր կլուծվի. ոռոգման ջրի խնդիր չի լինի: Ի՞նչ կասեք այս մասին:

Այո՛: Առատ տեղումները միայն դրական են ազդում գյուղատնտեսության և ջրային պաշարների վրա:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից