Հարցազրույց Հասարակություն գլխավոր 

Ակնկալում ենք, որ Պերմյակովին կդատապարտեն ցմահ ազատազրկման. Մարտուն Գրիգորյան

Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի անդամների մահվան տարելիցը: Այս ազգանունն արդեն ամեն ինչ ասում է: Թերևս իմաստ էլ չկա հիշեցնել, թե ինչպես տեղի ունեցավ այս ողբերգական դեպքը, քանի որ հայերը հարազատաբար ցավում էին ու սգում: Մորմոքն ու կսկիծը տանջում էին ինչպես Ավետիսյանների հարազատներին, այնպես էլ ամեն հայի: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների մահը սգում էին ինչպես Գյումրիում, այնպես էլ ամբողջ Հայաստանում ու սփյուռքում:

Այս սահմռկեցուցիչ դեպքից մեկ տարի է անցել, բայց վերքը դեռևս չի սպիացել: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցել է Գյումրու թիվ 34 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, այսօր իրավիճակն ինչպիսի՞ն է եղել Գյումրիում:Քաղաքացիական անհնազանդության փորձեր կամ ակցիաներ եղե՞լ են:

-Ընդհանուր իրավիճակը խաղաղ ու նորմալ է եղել: Արտառոց դեպքեր չեն եղել:

-Ի՞նչ կասեք դատական գործի ընթացքի և դրա հետաձգման մասին:

-Դատավարությունն, ինչպես հայտնի է, արդեն սկսվել է: Մյուս դատավարությունը հունվարի 18-ին է: Փաստաբանները մանրամասնորեն ծանոթանալու են այս գործին: Դրա համար էլ դատարանի կողմից  մեկ ամիս ժամկետ տրվեց վերջիններիս: Կարծում եմ՝ հունվարի 18-ին արդեն ակնհայտ կլինի, թե ինչ ընթացք է ստանում գործը:

-Ավետիսյանների  հարազատները շարունակու՞մ են աչալրջորեն հետևել դատական գործի ընթացքին:

- Այո, Ավետիսյանների հարազատները հետևում են գործի ընթացքին, փաստաբանների աշխատանքին:  Իրենք ունեն շահերի պաշտպան: Ես ինքս էլ մասնակցել եմ դատավարությանը. դատական պրոցեսի առաջին օրն այնտեղ էի: Առաջին դատավարությունը ընթանում էր ռազմաբազայում: Այնպես որ՝ ես ինքս էլ հետաքրքրվում եմ և հետևում այս գործի ընթացքին:

-Մտավախություն կա՞, որ գուցե կայացվի այնպիսի որոշում, որը չբավարարի Ավետիսյանների իրավահաջորդներին ու գյումրեցիներին, և կրկին բողոքի ակցիաներ սկսեն:

-Ես կարծում եմ, որ դժվար թե դատարանն այնպիսի որոշում կայացնի, որը դժգոհություն պետք է առաջացնի վերջիններիս շրջանում: Ես հույս ունեմ, որ նա կստանա իր արժանի  պատիժը, և դժգոհությունների ալիք չի բարձրանա: Այս պահի դրությամբ ակնկալվում է ցմահ ազատազրկում:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

Նույն շարքից