Էրդողանի կարծիքով Ռուսաստանը պետք է դադարեցնի ռմբակոծություններն Սիրիայում ու հեռանա Մերձավոր Արեւելքից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների մասնակցությամբ համաժողովի ժամանակ քննադատել է Ռուսաստանին ու Իրանին:
«Ռուսաստանի խնդիրը չէ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելը, նա պայքար չի մղում ԴԱԻՇ-ի դեմ։ Ներկա դրությամբ Ռուսաստանը Լաթաքիային հարակից շրջաններում հարվածում է մեր ազգակից թուրքմեններին, մեր թուրքմեն եղբայրներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Խոսելով Իրանի մասին՝ Էրդողանը հայտարարել է. «Իրանի կողմից իրականացվող դավանաբանական հենքով տարանջատումները վերածվում են հակամարտությունների։ Իրանը աշխատում է այրել վտանգավոր գործընթացի պատրույգը։ Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի երկրների հանդեպ Իրանի գիտակցված լարված հարաբերությունները այդ ռազմավարության մի մասն են»: