Հայաստան Քաղաքական 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է լատվիացի իր գործընկերոջը

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների հետ: Հանդիպմանը ներկա  են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ինչպես նաև Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից։

Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: «Այդ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու բարեփոխումների իրականացմանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ դատապարտելի է և պետք է խիստ քննադատության ենթարկվի միջազգային հանրության կողմից: Հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակն իր հերթին նշել է. «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և մտահոգված ենք վերջին շրջանում ծանր հրետանու կիրառմամբ, որի հետևանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Նույն շարքից