Հայաստան Քաղաքական գլխավոր 

Բանկերը Հրանուշ Հակոբյանին սփյուռքահայերի ներդրած գումարներից տոկոսնե՞ր կտան

Ինչպես հայտնի է, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը News.am-ի անցկացրած հարցազրույցի ընթացքում նշել է, որ ինքն այժմ ապրում է իր հայրական տանը ու թեև 2000 թվականից մինչ այսօր բնակարան գնելու համար գումար է խնայում, բայց այդպես էլ չի կարողանում, քանի որ տները թանկանում են: Նախարարը նշել է, որ եթե բանկերն իրեն ‹‹փոքր տոկոսներով վարկ տրամադրեն››, ապա, իր խոսքով՝ կմտածի այդ մասին:

Analitik.am-ը հետամուտ լինելով այս խնդրին՝ փորձել է ճշտել՝ արդյո՞ք հայաստանյան բանկերը պատրաստ են այս հարցում աջակցել ՀՀ Սփյուքի նախարարին, այն է՝ տրամադրել ‹‹փոքր տոկոսներով վարկ››՝ օգնելով նրան բաղձալի բնակարանը ձեռք բերելու հարցում:

Մենք զրուցեցինք տարբեր բանկերի վարկային մասնագետների հետ՝ ներկայացնելով խնդիրը և բացարտելով, որ մեր Սփյուռքի նախարարը 2000 թվականից ուզում է տուն գնել, բայց, ցավոք, ֆինանսական միջոցները չեն բավականացնում: Հայաստանյան բանկերում, ցավոք, տոկոսադրույքները հավասար են ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, բանկերը պատրաստ չեն մեր նախարարին ‹‹փոքր տոկոսներով վարկ›› տրամադրել, որպեսզի վերջինս կարողանա բնակարան գնել: ‹‹Սակագները, տոկոսադրույքները ֆիքսված են: Այդ սակագներով ենք վարկ տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այս պայմանները բոլորի համար հավասար են՝ անկախ վարկառուի զբաղեցրած պաշտոնից ու դիրքից: Եթե տվյալ անձը կամ ուրիշ ինչ-որ մեկը վճարունակ է, մենք սիրով նրան վարկ կտրամադրենք››, - նշեցին բանկերից մեկում:

Մեկ այլ բանկում էլ մեզ տեղեկացրեցին, որ հիփոթեքի հետ կապված՝ կան ֆիքսված տոկոսներ: Բոլորի համար գործում են նույն պայմանները: Նաև հորդորեցին տոկոսադրույքների և պայմանների մասին մանրամասն տեղեկանալ իրենց կայքից: Մենք նաև հարցրեցինք, իսկ եթե սփյուռքահայերը Հրանուշ Հակոբյանի հորդորին հետևեն և ավանդներ դնեն ՀՀ բանկերում, արդյոք բանկերը տիկին Հակոբյանին կարող են որոշ տոկոսներ տրամադրել այդ գումարներից, որպեսզի վերջինս կարողանա իր համար տուն գնել, ասացին որ իրենք իրավասու չեն այդ հարցին պատասխանել, բայց եթե հնարավոր լինի նման բան, ապա իրենք դեմ չեն:

Նույն շարքից