Հասարակություն 

Ինչո՞ւ հացի գինը ալյուրի գնի հետ հավասարաչափ չի նվազել. Հովիկ Աբրահամյանը՝ Շաբոյանին

Այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն 2015-ի վերջին վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում: Նրա խոսքով՝ նպատակը եղել է այն, որ գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներն Ամանորի նախաշեմին, առիթից օգտվելով, գների անհիմն թանկացումներ չիրականացնեն:

«Հանձնաժողովը զգուշացրել է ընկերություններին, որ գների անհիմն թանկացումները գերիշխող դիրքի չարաշահումներ են համարվելու, և պատասխանատվության խիստ միջոցներ են կիրառվելու տնտեսվարողների նկատմամբ:

Ուսումնասիրություններ իրականացվել են մոտ 20 ապրանքների գծով: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին, ալյուրին և ցորենին: Այս ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ինչպես նաև՝ ավոմեքենաների լիցքավորման համար օգտագործվող բնական գազը: Բոլոր այն ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին, դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել: Գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30 տոկոսով:

Իհարկե, սա որոշ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է ՌԴ-ից, հետևաբար՝ ռուսական ռուբլու արժեզրկումն ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ձեթի, ձավարեղենի որոշ տեսակների, որոնք նույնպես ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամը որոշակիորեն արժեզրկվել է, մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին՝ գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շաբոյանին հարցրեց, թե ալյուրի գնի 30 տոկոս նվազման պարագայում ինչո՞ւ հացի գինը համաչափ չի նվազել, Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ հացի գները 10 տոկոսի չափով նվազել են, այդ արտադրության ոլորտում հարյուր-հազարավոր արտադրողներ կան, դաշտը մրցակցային է:

Վարչապետը առաջարկեց կրկին ուսումնասիրել և հասկանալ, թե ինչու հավասարաչափ չեն նվազել գները:

Նույն շարքից