«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով իր մասին սենսացիոն-մեղադրական, քննադատական գրառումների, մեկնաբանությունների հեղինակներին, հունվարի 23-ին, ժամը 15.00-ին հրավիրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ բանավիճելու:
Փաշինյանը մասնավորապես գրել է. «Վերջին շրջանում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր իմ մասին «ցնցող բացահայտումներ» պարունակող գրառումներ են անում, մեկ ուրիշ խումբ օգտատերեր էլ տարածում է դրանք՝ նույնքան «ցնցող» մեղադրանքներով:
Տարբեր վարիացիաներով ինձ մեղադրում են հակաժողովրդական դավադրությունների մաս, կազմակերպիչ, դերակատար և նույնիսկ առաջնորդ լինելու մեջ: Բանը հասել է այնտեղ, որ սոցիալական ցանցերում նման գրառումները տարածվում են «sponsored» (վճարովի) խոսուն նշումով:
Երբեք չեմ համարել, թե դուրս պետք է լինեմ քննադատությունից, գիտակցում եմ, որ որպես հրապարակային գործիչ պետք է լինեմ հանրային խոշորացույցի ներքո:
Բայց և իմ պարտքն եմ համարում ժամանակ առ ժամանակ լուծել նախորդ ժամանակաշրջանում իմ մասին շրջանառվող «մեղադրանքների», «հավաստի լուրերի» հարցը:
Այս նպատակով՝ վերը նշված սենսացիոն-մեղադրական, քննադատական գրառումների, մեկնաբանությունների հեղինակներին, ինչպես իրենք են ասում՝ «հույժ հավաստի» տեղեկություններ ունեցողներին հրավիրում եմ առերես հանդիպման՝ ս/թ հունվարի 23-ին, ժամը 15.00-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:
Սա հայտարարում եմ ավելի քան մեկ շաբաթ առաջ, որպեսզի ինձ ուղղված «մեղադրանքների» հեղինակները ժամանակ ունենան իրենց գործերը դասավորելու: Հրավիրում եմ ոչ աշխատանքային օրով, որպեսզի աշխատանքով ծանրաբեռնվածները կարողանան ներկայանալ:
Նշված մեկնաբանությունների հեղինակները հնարավորություն կունենան աշխատանքային մթնոլորտում առերես հնչեցնել իրենց մեղադրանքները, հիմնավորել դրանք և լսել իմ պատասխանները:
Չեմ առարկում, որ յուրաքանչյուրը տեսագրի իր հարցադրումներն ու իմ պատասխանները և դա տարածի իրեն հարմար ձևով: Նույնպիսի իրավունք վերապահում եմ նաև ինձ: Սպասում եմ քաղաքակիրթ և բովանդակալից բանավեճի:
Շնորհակալություն:
Հանդիպման վայրի հասցե՝ Սայաթ Նովա 6»: