Հայաստան Հասարակություն 

ՀՀԿ-ում դեռ քննարկումներ տեղի չեն ունեցել ՄԻՊ-ի նոր թեկնածուի հարցի շուրջ. Նաղդալյան

Իշխող Հանրապետական խմբակցությունը նախորդ տարի խորհրդարանական նիստում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացրած զեկույցի շուրջ հնչեցրած քննադատությունը չի կապում ՄԻՊ-ի հրաժարականի հետ:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համաձայն է արդյո՞ք կարծիքների հետ, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել քաղաքական ճնշման պատճառով:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք քննադատել են ՄԻՊ զեկույցը և ոչ թե Կարեն Անդրեասյանին:

Միաժամանակ, ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, թե նախորդ զեկույցի համեմատ, այս օմբուդսմենի ներկայացրած այս տարվա զեկույցն ավելի խորն էր:

«Չեմ կարծում, որ Մարդու իրավունքների պաշտպանն այն վիճակում է, որ առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտություն ունի: Խորհրդարանում եղել է աշխատանքային քննարկում, կանոնակարգային, որը վերաբերում էր զեկույցին, դրա կետերին: Մեր խմբակցությունում շատերը, այդ թվում՝ ես, մեր ելույթների մեջ նշել էինք այն որակական տարբերությունները, որոնք ունեցել էինք նախորդ զեկույցի տարբերությամբ: Եղել է դրական տարբերություն, ունեցել ենք դրական փոփոխություններ, ավելի բազմակողմանի, հիմնավորված զեկույց է եղել: Կապը տեղին չէ»,- շեշտեց Նաղդալյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ում դժգո՞հ էին օմբուդսմենից, Հերմինե Նաղդալյանը բացասական պատասխան տվեց: ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը չի կարծում, որ ՄԻՊ զեկույցի հասցեին հնչեցված քննադատությունները պետք է հիմք հանդիսանային, որ Կարեն Անդրեասյանը հրաժարական տար:

«ՄԻՊ-ը այն պաշտոնյան է, այն առաքելությունն է, որից կարող են դժգոհ լինեն շատ մարդիկ, բայց դա չի նշանակում, որ ՄԻՊ նկատմամբ դժգոհությունը կարող էր հանգեցնել հրաժարականի: ՄԻՊ-ը յուրահատուկ առաքելություն է: Կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանն էլ, որքանով ճանաչում եմ իրեն, գիտակցում էր այն դերակատարությունը, որն ինքն ունի»,- շեշտեց խորհրդարանի փոխխոսնակը:

Ինչ վերաբերում է նրան, թե ով կփոխարինի Կարեն Անդրեասյանին, Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, թե ՀՀԿ-ում քննարկումներ դեռևս տեղի չեն ունեցել:

Նույն շարքից