Հասարակություն 

Բուսակերությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը

Loma Linda համալսարանի (ԱՄՆ, Քալիֆորնիա) հետազոտողները վերլուծել են 70 հազար ամերիկացիների տվյալներ՝ ուսումնասիրելով նրանց ամենօրյա սննդակարգը: Գիտնականները ցանկացել են կապ գտնել սննդակարգի ու կյանքի տևողության, մահացության ցուցանիշների միջև:


Գիտական աշխատանքի հեղինակները փորձի մասնակիցներին բաժանել են չորս խմբի՝ ոչ բուսակերներ, ձկնային բուսակերներ (օգտագործում  են ձուկ ու ծովաթերք, բայց ոչ միս), կաթնամթերք ու ձու օգտագործողների և վեգաններ (սննդակարգից բացառում են կենդանական ծագման ամեն տեսակ ուտելիք), հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ին:


Սննդակարգի սովորությունների և առողջության ցուցանիշների վերլուծությունը տևել է վեց տարի: Հետազոտողները նշել են, որ այս ընթացքում բուսակերների թվում մահացութան ցուցանիշը  12 տոկոսով ցածր է եղել, քան մսի սիրահարների թվում: Մահացության ամենացածր ցուցանիշը նկատվել է ձկնային բուսակերների խմբի մոտ: Այնուհետև խիստ վեգաններն էին ու կաթնաձվային բուսակերները:


Գիտնականները նաև պարզել են, որ բուսակերների շրջանում խիստ նվազում է սրտանոթային հիվանդությունների, երիկամների գործառույթների ու էնդոկրին համակարգի խափանումների ռիսկը: Ընդ որում, ամերիկացի մասնագետները նշել են, որ տղամարդկանց առողջության վրա մսամթերքից հրաժարումն ավելի դրական է ազդում, քան կանանց:

Նույն շարքից