Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետներն ուրբաթ օրը հաստատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խիստ բանաձևի հասնելու մտադրությունը` Հյուսիսային Կորեայի թվով չորրորդ միջուկային փորձարկման հետ կապված: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ճապոնական և հարավկորեական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ Կիսիդան Տոկիոյում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենին և Կորեայի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Լիմ Սոն Նամային, որոնք շաբաթ օրը ծրագրում են բանակցություններ վարել Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Ակիտակա Սայկիի հետ:
«Երեք երկրներին` Ճապոնիա, ԱՄՆ և Կորեայի Հանրապետություն, անհրաժեշտ է համախմբված արձագանքել սադրիչ գործողություններին»,- ասել է Կիսիդան:
