Հասարակություն Իրավական 

Հանցավորության լավագույն կանխարգելումը անպատժելիության մթնոլորտի բացառումն է. Վ. Գասպարյան

Հունվարի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած  աշխատանքային խորհրդակցությանը,  որը վարել  էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության պետն ընդգծել է,  որ հանցավորության լավագույն կանխարգելումը անպատժելիության մթնոլորտի բացառումն է: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը` տեղեկացնելով  անցկացված աշխատանքային խորհրդակցության մասին,  օրակարգում վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2015 թվականի աշխատանքի ամփոփումն էր:
Գնահատելով այդ ուղղությամբ օպերատիվ ծառայությունների աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է  երիտասարդ կադրերի ընտրության, պատրաստման ու նրանց պրակտիկ գործունեության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքների վերահսկողության և համակարգման մեխանիզմների, չբացահայտված հանցագործությունների, անչափահասների հետ տարվող աշխատանքի խնդիրներին:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության պետերին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է  բարելավել կատարողական կարգապահությունը, ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ, մշակել և գործի դնել հանձնարարականների հսկողության մեխանիզմներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը քննության առարկա է  դարձրել  հատկապես թերություններն ու բացթողումները, որոնց պատճառների վերլուծությունն ու վերացումը թույլ կտան բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:

Նույն շարքից