«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը շարունակում է հացադուլը՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների դեմ բողոքելով: Ինչպես հայտնում է Aravot.am-ը՝ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, նախօրեին Գևորգին առանձին խցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ ակտիվիստի նկատմամբ ճնշումներ են եղել:
Գևորգը հացադուլ է սկսել, տեղափոխվել հացադուլավորների խուց, որտեղ նույնպես ճնշումներ են եղել նրա նկատմամբ. «Հացադուլավորների խցում ևս հինգ-վեց տարբեր քրեածին տարրեր են եղել, որոնք նույնպես հացադուլ էին անում ու հինգ րոպեում կոնֆլիկտ է առաջացել Գևորգի ու քրեածին տարրերի միջև, միջամտել են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Քրեածին տարրերը Գևորգին բաց տեքստով ասել են, թե քրեական հեղինակությունների կողմից զանգ են ստացել, տեղեկացել իր մասին, որ չպետք է թույլ տան, որ ինքն այդտեղ մնա իրենց հետ նույն խցում: Գևորգին տեղափոխել են առանձին պատժախուց: Գևորգը շարունակում է հացադուլն առանձին խցում»: