lifenews.ru-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում ծննդկանի որովայնում վիրահատական սավան մոռացած մանկաբարձ գինեկոլոգ Մարիամ Առաքելյանն իր նախկին հիվանդի հետ հանդիպման ժամանակ բացատրել է իր արարքը՝ ասելով, որ «բոլորն էլ կարող են սխալվել»։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հիվանդի որովայնում վիրահատական սավան են մոռացել:
Նոյեմբերի վերջին կինը վիրահատության եղանակով ծննդաբերել է: Սակայն վիրահատությունից հետո կնոջ փորը ավելի մեծ է դարձել և սուր ցավերը չեն հանդարտվել, նրա վիճակը գնալով վատացել է:
Բժիշկներն անգամ ուլտրաձայնային հետազոտությունից հետո կնոջն ասել են, որ միայն հավաքված հեղուկ և մեծ հեմատոմա են նկատել: Նրան հակաբիոտիկներ են նշանակել: Իսկ 12 օր անց կնոջը դուրս են գրել հիվանդանոցից՝ «բավարար վիճակում» :
Սակայն դեկտեմբերի 14-ին նրան շտապօգնության մեքենայով հասցրել են այլ հիվանդանոց: Այնտեղ բժիշկները կնոջ որովայնից դուրս են բերել վիրահատական սավանը: