Խոզի գրիպին վերաբերող նյութերն այս օրերին հայտնվել են մեր լրատվամիջոցների թոփ լուրերի շարքերում: Շատերին սակայն մի հարց է հետաքրքրում. ինչպե՞ս այդ հիվանդությունը ներթափանցեց մեր երկիր:
Տարածված կարծիք կա, որ գուցե այն Հայաստան է ներթափանցել մեր երկիր ներկրված ապրանքների կամ սննդամթերքի միջոցով: Այս վարկածը, սակայն, բացառված է՝ ըստ մասնագետների: Այս պնդումը հաստատեց նաև Analitik.am-ի զրուցակիցը՝ վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Մխիթարյանը:
‹‹H1N1-ը՝ խոզի գրիպը, օդակաթիլային ինֆեկցիա է: Սա անտրոպոնոզ հիվանդություն է: Այսինքն՝ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն: Բացառված է, որ այս հիվանդությունը փոխանցվի սննդի մրգի կամ բանջարեղենի միջոցով:Այս հիվանդության փոխանցման ‹‹աղբյուրը›› միայն մարդն է: Ըստ այդմ՝ հնարավոր չէ, որ այս հիվանդությունը մեր երկիր ներթափանցեր ապրանքների կամ սննդամթերքի միջոցով››, - բացատրեց մասնագետը: