Այսօր «Անալիտիկ» կենտրոնը հյուրընկալել էր Պետական կառավարման ակադեմիայի տարածշրջանային հետազոտություների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանին։ Ասուլիսի ընթացում բանախոսն անդրադարձավ վիրահայության խնդիրներին և տարածաշրջանում առկա լարվածությանը։
«Դեռ անցած տարվանից Վրաստանում սկսել են ակտիվորեն պատրաստվել պառլամենտական ընտրություներին։ Հետաքրքիր փոփոխություներ են եղել Վրաստանում։ Անցած տարվա վերջին պառլամենտն ընդունեց որոշում, ըստ որի՝ Նինոծմինդայի ու Ախալքալաքի ընտրատարածքները պետք է միավորվեն։ Այսինքն՝ եթե նախկինում վիրահայերը կարող էին երկու պատգամավոր-ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում, ապա այժմ ունենալու են միայն մեկ պատգամավոր։ Այս ամենը դժգոհություն է բարձրացրել Ջավախքում», -նշեց վրացագետը։
Ջոնի Մելիքյանը նշեց, որ անկախ այս ոլորտում եղած որոշ խնդիրնրից՝ հայ-վրացական հարաբերություներում նկատվում են նաև ակնառու դրական փոփոխություներ․ «Անցած տարի վերաբացվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Կարելի է ասել, որ այս փաստը հանգեցրեց թիֆլիսահայության հոգևոր վերածնդին»։
Մասնագետը նշեց, որ տարածաշրջանում նկատելի են կարևոր խնդիրներ․ Վրաստանի հատուկ ծառայությունները պարզել են, որ առնվազն հիսուն հոգի մեկնել են Սիրիա և այնտեղ համագործակցում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ:
«Վրաստանում նույնիսկ օրենսդրական փոփոխոխություններ են նախաձեռնել, ըստ որի՝ ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցությունը որակվում է որպես հանցանք։ Վրաստանի հատուկ ծառայություները համագործակցում են Ռուսաստանի հետ։ Դա սկսվել է դեռևս Սոչի օլիմպիական խաղերից առաջ։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր համագործակցում են ահաբեկիչների հետ, ուշադրության կենտրոնում են», - ասաց մասնագետը։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում բնակվող մի շարք գործիչներ Վրաստանում համարվում են անցանկալի մարդիկ։ Ոմանք նույնիսկ հայտնվել են այսպես ասած՝ սև ցուցակում։ Անդրադառնալով այս խնդրին՝ Ջոնի Մելիքյանը նշեց․ «Կան անձինք, որոնք ժամանակի ընթացքում հակավրացական հայտարարություններ են արել և «պերսոնա նոն գրատա» հայտարարվել Վրաստանում: Իմ կարծիքով դիվանագիտական շփումների ընթացքում այսպիսի խնդիրները պետք է կարգավորվեն։ Երևանում ասվող ամեն հակավրացական հայտարարություն օգտագործվում է մեր համայնքի դեմ։ Մենք պետք է շատ զուսպ ու զգույշ լինենք այս հարցում»: