Հայաստան Քաղաքական 

«Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը». Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքում շարունակվում են ժամանակավոր փոսերի վերացման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ պարբերաբար գույքագրելով նաև այն հասցեները, որտեղ համանման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 20 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է այս ուղղությամբ ավելի ակտիվացնել աշխատանքները:
«Անընդհատ պետք է իրազեկել մեր համաքաղաքացիներին, որ ոչ սահմանված վայրերում աղբը թափելու համար կարող են ենթարկվել վարչական տույժի: Ու սրա նպատակը, ինչպես բազմիցս եմ ասել, բնավ տույժերի կիրառումը չէ, այլ այն, որ յուրաքանչյուրը գիտակցի ու զգա պատասխանատվության իր բաժինը մեր քաղաքի նկատմամբ: Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր մասով է պարտավոր պահպանել մեր տան մաքրությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքաշինության ոլորտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն այս ուղղությամբ:
Զեկուցվել է, որ առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին ևս հանձնարարվել է նախապատրաստվել ու վերահսկել ձնամաքրման պատշաճ իրականացումը:

«Տնտեսվարողներին և հիմնարկ ձեռնարկություններին ևս հիշեցրեք իրենց պարտավորությունների մասին: Խստորեն նախազգուշացրեք, որ ապահովեն իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչն իր հերթին քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 և անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդեց Երևան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այդ մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ հարկադիր պարապուրդը որևէ կերպ չի կարող անդրադառնալ աշխատակիցների աշխատավարձերի վրա:

«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշվի առնելով, որ 2018 թվականին նշվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2800 ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետին և տոնակատարության կազմակերպչական աշխատանքային խմբին հանձնարարել է սկսել աշխատանքներն ու այդ համատեսքտում ներկայացնել առաջարկներ: Քաղաքապետը, մասնավորապես, անդրադարձել է տոնակատարությանն ընդառաջ նոր պուրակի ձևավորմանը, որը կկրի հոբելյանական տարվա անունը:

«Բոլորը գիտեն, որ մայրաքաղաքում մենք ունենք Էրեբունի-Երևանի 2750-ամյակի պուրակ: Ու տրամաբանական է, որ այն ունենա շարունակություն: Արդեն իսկ կա առաջարկ, որ տվյալ պուրակի շարունակությունը հանդիսացող Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջնամասում գտնվող պուրակը վերակառուցվի և համապատասխան շատրվանային համալիրով դառնա Երևանի 2800-ամյակին նվիրված պուրակ: Եվ, ընդհանրապես, այսուհետ, մինչ հոբելյանական տոնակատարությունը, խոշոր քաղաքաշինական մեր բոլոր ծրագրերը, որոնք կյանքի կկոչենք մինչև 2018 թվականը, պետք է նվիրենք մեր մայրաքաղաքի 2800-ամյակին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հայոց բանակի և Սուրբ Սարգսի տոների առթիվ մայրաքաղաքում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ, տոներին համահունչ, միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

22 23 24 25 26 27 28

Նույն շարքից